ՀՀԿ-ն ունի նոր կառավարություն ձեւավորելու բոլոր շանսերրը։ Այս մասին կուսակցության կենտրոնական շտաբում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, նման եզրակացությունների կարելի է հանգել թե Երեւանի, թե մարզերի մի շարք ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքների հիման վրա։

Խոսելով մյուս կուսակցությունների ու դաշինքների հետ կոալիցիա ձեւավորելու հնարավորության մասին՝ Շարմազանովը նշել է, որ նախ պետք է սպասել ընտրությունների արդյունքներին ու տեսնել, թե հատկապես ով է մտնելու խորհրդարան։ Եթե իրենց վաղեմի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն հաղթահարի 5 տոկոսի շեմը՝ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կքննարկի հետագա համագործակցությունը , ասել է նա։ Սակայն կոալիցիայի ստեղծումը երբեք ՀՀԿ-ի համար ինքնանպատակ չի եղել, նկատել է Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով Հայաստանում նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա հաջողվել է կազմակերպել թափանցիկ ընտրություններ ու անկախ նրանից, թե քանի կուսակցություն կանցնի խորհրդարան, կասկածել, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով, չարժե։ «Ժողովրդավարական զարգացումն անշրջելի է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 2-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Ընդամենը մրցապայքարին մասնակցել է 5 քաղաքական ուժ ու 4 դաշինք։ Կուսակցությունները խորհրդարան անցնելու համար պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսի։

 Baltic Surveys/The Gallup Organization կազմակերպության իրականացրած Exit poll-ի տվյալներով՝ «Ազատ դեմոկրատները» հավաքում են ձայների 2 տոկոսը։Առաջատար են ՀՀԿ-ն՝ 46 տոկոս ու «Ծառուկյան» դաշինքը՝ 25 տոկոս։ «Ելք» դաշինքն ունի 10 տոկոս, իսկ ՀՅԴ-ն՝ 5 տոկոս։