ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի հանրապետական կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում հասարակության կողմից տրված շանս է դիտարկում՝ կառավարություն ձեւավորելու, երկրում բարեփոխումները շարունակելու, դրանք ավարտին հասցնելու համար:  Այսօր՝ ապրիլի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի անցյալի սխալները չկրկնենք, գնանք ճիշտ ուղղությամբ: Հանրապետականի հաջողության գաղտնիքը կազմակերպված քարոզչություններ էր, իր սխալների բարձրաձայնումն ու ընդունումը, մրցունակ թիմը»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը ապրիլի 2-ի տեղի ունեցած ընտրությունները որակեց ժողովրդավարական, ազատ ու անկախ ընտրություններ:

«Մեզ հաջողվել է կազմակերպել ժողովրդավարական, ազատ ու անկախ ընտրություններ: Եղել են թերություններ, որոնց շտկելու ուղղությամբ իշխանությունները պետք է աշխատանքներ կատարեն: Ամենակարեւոր նպատակը, որը դրված էր մեր առջեւ, կատարվել է՝ ընտրողի ձայնը տեղ է հասել, կրկնակի քվեարկություններ չեն եղել,  կարելի է ասել, որ շատերի մոտ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կասկածներ չեն առաջացել, որը շատ կարեւոր է: Ապրիլի 2-ի ընտրությունները եկան ապացուցելու, որ Հայաստանում այլեւս ժողովրդավարության զարգացումն անշրջելի է, մենք հետեւողական գնալու ենք այդ ուղղությամբ»,-ասել է նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ուրախ է ընտրություններում «Ելք» դաշինքի գրանցած արդյունքների համար՝ ավելացնելով, որ այդ քաղաքական ուժը իր դրական լուման կներդնի Հայաստանում թե ժողովրդավարական պրոցեսների զարգացման, թե միջազգային հարթակներում Հայաստանի պետական շահերի պահպանման գործում:

««Ելք» դաշինքին շնորհավորում եմ, որ ունեն 9 մանդատ եւ մտնում են Ազգային Ժողով: «Ելք» դաշինքը որպես քաղաքական ուժ իր դրական լուման կներդնի Հայաստանում թե ժողովրդավարական պրոցեսների զարգացման, թե միջազգային հարթակներում Հայաստանի պետական շահերի պահպանման գործում: Այնտեղ ես տեսնում եմ բավականին լուրջ քաղաքական անցյալ ունեցող մարդկանց, նաեւ նոր դեմքեր, որոնք խելացի են, ես շահագրգռված եմ, որպեսզի պառլամենտը գաղափարական բախումների հարթակ լինի»,-ասաց նա:

Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը:

ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը: