Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող մի շարք պատվիրակությունների ղեկավարների՝ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Գեյր Յորգեն Բեկեւոլդին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին, ԵԽԽՎ առաքելության ղեկավար Լիլիան Մորի Պասքեին, Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Հայդի Հաուտալային եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Միխաել Գեորգ Լինկին։
Հյուրերը նախարարին ներկայացրին իրենց նախնական եզրակացությունները եւ դիտարկումները։ Նրանք բարձր գնահատեցին իշխանությունների կողմից Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները։ Հյուրերը ողջունեցին նոր ընտրական օրենսգքրի ընդունումը եւ ընդգծեցին, որ, չնայած իրենց նախնական զեկույցում նշված բացթողումներին, ընտրությունները լավ էին կազմակերպված։
Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ կայացած ընտրությունները շատ կարեւոր էին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ճանապարհին։ Այս առումով իրականացված բարեփոխումների բոլոր փուլերում Հայաստանի իշխանությունները սերտորեն համագործակցել են միջազգային գործընկերների հետ, որոնք բարձր են գնահատել այդ գործընթացը։ Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ ընտրական գործընթացի բարեփոխումների նպատակն էր անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, ինչի վկայությունն են կայացած ընտրությունները։
Հայաստանի արտգործնախարարը հատկապես ընդգծեց ընտրական օրենսգրքի մշակման ներառական բնույթը՝ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչն էական քայլ էր ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման ուղղությամբ։
Նախարարի խոսքերով, հիմնարար ազատությունների ապահովումը, ընտրությունների գործընթացի պատշաճ կազմակերպումը, ընտրացուցակների ճշգրտության զգալի բարելավումը, քաղաքական ուժերի համար հավասար եւ մրցակցային պայմանների ստեղծումը, նոր տեխնիկական միջոցների կիրառումը, քվեարկության գաղտնիության ապահովումը, քվեների հաշվարկի թափանցիկությունը մեծապես նպաստեցին ընտրական գործընթացի հաջողությանը։
Նա հավելեց, որ աննախադեպ է ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը՝ ընտրական գործընթացին հավելյալ թափանցիկություն հաղորդելու համար։ Նախարարը նաեւ ընդգծեց, որ պետության կողմից խրախուսվել է եւ որեւէ կերպ չի սահմանափակվել դիտորդների ներգրավումը, որոնց թիվը կազմել է շուրջ 30 հազար, ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել էր շուրջ 1200 լրագրող։
Դիտորդական առաքելությունների ղեկավարները շնորհակալություն հայտնեցին ընտրությունները դիտարկելու հրավերի համար։ Նրանք գոհունակություն հայտնեցին Հայաստանի իշխանությունների կողմից դիտորդական առաքելությունների համար նպաստավոր աշխատանքային պայմաններ ապահովելու, ինչպես նաեւ սերտ համագործակցության համար։
Երկուստեք կարեւորվեց ընտրական գործընթացների ուղղությամբ հետագա փոխգործակցությունը։




























