Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրական տարածքում տարածքային ցուցակով առաջադրված թեկնածու Վարդան Ղուկասյանը գոհ է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վարդան Ղուկասյանը վերջապես խոստովանեց, որ ակտիվ քարոզարշավ չի անցկացրել  « օֆիսում նստած քարոզարշավ է անցկացրել եւ շատ ձայն հավաքել»՝ նշելով, որ ընտրողների հետ շփվել է ԶԼՄ-ների միջոցով:

«Օֆիսում նստած քարոզարշավ եմ իրականացրել, մարդիկ ինձ ճանաչելով ձայն են տվել, լրատվամիջոցների, եթերի միջոցով եմ ձայնս ուղղել մարդկանց»,- ասաց նա:

Վարդան Ղուկասյանը հորդորեց համբերել՝ մինչեւ պարզ կլինի արդյոք խորհրդարանում կհայտնվի, թե ոչ: 

Նշենք, որ ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Վարդան Ղուկասյանը հավաքել է 12452 ձայն:

Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու նվազագույն շեմը:

ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը: