«Ելք» դաշինքի վստահված անձանց վրա հարձակում գործելու մեջ մեղադրվող Արթուր Այվազյանին «Մանախ» մեղադրանք է առաջադրվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
2017 թվականի մարտի 31-ին՝ ժամը 23:15-ին, Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, որ «Ելք»-ի վստահված անձանց նկատմամբ Երեւան քաղաքի Սվաճյան ու Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել զինված հարձակում, գողացել են դրոշները:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում 2017 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը նույն օրն ստացվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում։
Նախաքննությամբ ձեռք բերված նախնական փաստական տվյալների հիման վրա՝ ապրիլի 3-ին Ա.Այվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, միջադեպի դրդապատճառները, բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու եւ նրանցից չուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։



























