Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված 10 բանտարկյալների հարազատները, շարունակում են ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց իրենց նստացույցը: Նրանք պահանջում են փոխել իրենց հարազատների խափանման միջոցը, իսկ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը՝ Իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, փոխել 216-ի 1-ին մասով՝ Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 31-ին, կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը՝ տիկին Լալան, նշեց, որ շարունակելու են իրենց նստացույցը մինչեւ հարազատներն ազատ չարձակվեն: Նրա խոսքով, դատախազությունից հայտնել են, որ եթե իր ամուսինն մեղադրանքն ընդունի եւ զղջա արածի համար՝ նրան ազատ կարձակեն:

Կալանավորվածների հարազատներին ընդունել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Տիկին Լալայի խոսքով, դատախազն ասել է, որ

10 կալանավորվածներից 3-ի ճակատագիրն արդեն որոշված է, մեղմացուցիչ հանգամանքներ կան եւ Արման Ադամյանը, Ժորա Ավետիսյանն ու Հարություն Թորոսյանը, եթե մեղադրանքը ընդունեն՝ ազատ կարձակվեն ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը ու Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները: