Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանը ապրիլի 2-ին դադարեցրել է մարտի 24-ից սկսած հացադուլը, որով պահանջում էր ազատ արձակել իրեն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա կնոջից՝ տիկին Լալայից: Էդուարդ Զեյթունյանը հացադուլը դադարեցրել է այն բանից հետո, երբ լսել է, որ հնարավոր է իր գործով նոր զարգացումներ լինեն եւ ինքն առաջիկայում ազատ արձակվի:

Ավելի վաղ նրա կինը մեզ հետ զրույցում նշել էր, որ դատախազությունից հայտնել են, որ եթե իր ամուսինը իրեն առաջադրված մեղադրանքն ընդունի՝ նրա խափանման միջոց կալանքը կփոխվի:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը ու Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները: