Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության հաղթանակի ապահովման գործում ծանրակշիռ դեր խաղացին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ ընդգծելով ՀՀԿ-ի ռեբրեդինգի կարեւորությունը։

Համաձայն քաղաքագետի՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում նման արդյունքները կանխատեսելի էին։ «Ինձ համար անսպասելի էին միայն «Հայկական վերածնունդ» կուսակցության արդյունքները։ Ես կարծում էի, որ հաշվի առնելով վարչական ռեսուրսն ու այլ հանգամանքներ՝ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը կկարողանա հաղթահարել 5 տոկոս շեմը։ Բավականին լավ արդյունքներ է գրանցել «Ելք» դաշինքը», - նշել է Մինասյանը։

ՀՅԴ-ի դեպքում, շարունակել է նա, դրական դեր խաղաց նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոյանի հարցազրույցը, որը մեկ տոկոսով մեծացրեց ՀՅԴ ընտրազանգվածը։ «Ինչ վերաբերում է Հայ Ազգային Կոնգրեսին՝ ապա ինձ համար անհասկանալի պատճառներով ՀԱԿ-ն ընտրությունների գնաց դաշինքի ձեւաչափով, որն արդեն պետք է հաղթահարեր 7 տոկոս շեմը։ Ընդհանուր առմամբ, տպավորություն ձեւավորվեց, որ իր վերջին հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց ամեն ինչ, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ն չանցնի խորհրդարան», - ամփոփել է Սերգեյ Մինասյանը։

Նախնական տվյալներով՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ ձայների 49,12 տոկոսով։ Նրան է հետեւում «Ծառուկյան» դաշինքը՝ ձայների 27,32 տոկոսով։ «Ելք» դաշինքը հավաքել է ձայների 7,77 տոկոսը, իսկ ՀՅԴ-ն՝ 6,57 տոկոսը։  Խորհրդարան չեն անցել «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, Կոմկուսը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները։