Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Ամերիկյան պետությունների կազմակերպությանը  (ԱՊԿ) մեղադրել է Վենեսուելայի նկատմամբ «պետական հեղաշրջում» իրականացնելու մեջ՝ կազմակերպությունից պահանջելով դադարեցնել երկրի ներքին գործերին միջամտությունը: Այս մասին հայտնում է «Սինհուան»:

Մադուրոն հայտարարել է, որ ԱՊԿ-ն կազմակերպության նորմերից եւ կանոններից բացարձակապես դուրս է գործում, իսկ ապրիլի 3-ին ԱՊԿ-ի հրավիրած արտահերթ նիստը «պետական հեղաշրջում» է, որն իրականացվել է Վենեսուելայի նկատմամբ: Նա ԱՊԿ-ից պահանջել է դադարեցնել երկրի ներքին գործերին միջամտությունը:

Նույն օրը Վենեսուելայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ ԱՊԿ-ի համակարգը լրջորեն խախտվել է, ինչն իր հերթին կհանգեցնի ամբողջ կազմակերպության լիակատար վերացմանը:

Ապրիլի 3-ին ԱՊԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել Վենեսուելայի հետ կապված հարցեր քննարկելու համար: Բոլիվիան, որը հանդես է եկել նիստի անցկացման դեմ, չի մասնակցել: Նիստի ավարտից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշված է, որ Վենեսուելայում սահմնադրական կարգը խախտվել է, պահանջվում է երկրում արագ վերականգնել սահմանադրական կարգը եւ հարգել իշխանության տարաբաժանումը: