Ռուսաստանը կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ գումարել՝ կապված Սիրիայում ավիաբազայի ուղղությամբ ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետ: Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ այդ հարվածը կարելի է դիտարկել որպես ագրեսիայի ակտ ՄԱԿ-ի անդամ պետության դեմ:
«Ռուսաստանը նախ կպահանջի անհապաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ գումարել: Դա կարելի է դիտարկել որպես ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի ակտ ՄԱԿ-ի անդամ պետության դեմ»,- ասել է Օզերովը:
Ուրբաթ գիշերն ԱՄՆ-ն իր նավերից թեւավոր հրթիռներով հարված է հասցրել Սիրիայում կառավարական բազայի ուղղությամբ: Պենտագոնի տվյաներով՝ ընդհանուր առմամբ, 59 հրթիռ է արձակվել:
Նշվում է, որ հրթիռային հարվածի թիրախում Սիրիայի Շայրաթ օդանավակայանն է եղել:




























