ՄԱԿ-ի խաղաղարար գործունեության արդյունավետության բարձրացման համար հարկավոր է համալիր ռազմավարություն մշակել, որը հաշվի կառնի առաքելության բնույթն ու նրա գործունեության բոլոր կողմերը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի խաղաղարար գործողությունները նույնաբնույթ չեն: «Եթե որոշ առաքելությունների մանդատի մեջ է մտնում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետեւելը հարաբերական խաղաղ միջավայրում, ապա մյուսներին ավելի դժվար խնդիր է առաջարկվում՝ պաշտպանել բնակչությանն այնպիսի պայմաններում, երբ նրանք գործ ունեն զինված խմբավորումների հետ: Բայց քաղաքացիական հասարակության պաշտպանությունը խաղաղապահների հիմնական առաջնահերթությունն է»,- փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է ինը ուղղություն, այդ թվում՝ ԱԽ-ի կողմից ավելի հստակ մանդատների սահմանումը, «երկնագույն սաղավարտների» շարքում կանանց թվի ավելացումը, նորագույն տեխնոգիաների օգտագործումը եւ այլն:




























