ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է ավելի սթափ նայել Սիրիայում տիրող իրադրությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականության շեշտադրումների փոփոխությունը, մասնավորապես՝ Սիրիայում, տեսանելի էր դեռեւս Օբամայի նախագահության տարիներին: «Շուրջ 2 տարի Սիրիայում համաձայնեցված գործողություններ էին անցկացվում, ԱՄՆ-ն ներգրավված էր այդ համաձայնեցված գործողություններում: Սիրիան դուրս եկավ վերահսկողությունից, եւ նրանք փորձում են Սիրիայում մասնակի վերահսկողության տարածք ստեղծել»,- նշեց Գրիգորյանը:
Արաբագետի կարծիքով՝ իրավիճակի սրման սպառնալիքն արդարացնում է այս մոտեցումը: «Այսինքն՝ Բաշար Ասադը մնում է իշխանության գլուխ, քանի որ նա այն ուժերից է, որոնք արդյունավետ պայքարում են ծայրահեղական կառույցների դեմ: Ծայրահեղականությունն արմատախիլ անելու առաջնահերթ խնդիր է դրված»,- ընդգծեց Սարգիս Գրիգորյանը:
Հարցին, կարո՞ղ է ամերիկյան ղեկավարությունն ինչ-որ պահի նորից վերադառնալ Ասադին գահընկեց անելու գաղափարին, արաբագետը պատասխանեց. «Իհարկե՝ այո: Դա ընդամենը կարճաժամկետ ծրագիր է»:
Օրերս ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունն այլեւս ԱՄՆ-ի համար առաջնային չէ:




























