Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում ելույթ է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ:

Ստորեւ NEWS.am-ը  ներկայացնում է նրա խոսքն ամբողջությամբ:

Ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ինչպես գիտեք, այս տարի եւս «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունն ուղղված է լինելու Արցախի վերելքին: Իրականացվելու են ծրագրեր, որոնց նպատակն է ԼՂՀ ջրային ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաեւ Հայաստանի սահմանամերձ գյուղերի բարեշենությունը եւ բնակիչների բարեկեցությունը:

Այս սրահում այսպիսի լսարանի առջեւ ես ավելորդ եմ համարում խոսել այդ գործերի կարեւորության եւ անհետաձգելիության մասին:

Բայց այսօր ավելորդ չէ խոսել հարգանք վաստակելու եւ այն վայելելու մասին: Խոսքս, անշուշտ, չի վերաբերում առաձին անհատների: Խոսքս մի ամբողջ ազգի եւ պետության նկատմամբ հարգանքի մասին է: Մենք պետք է հետեւողականորեն շարունակենք ազգովի վաստակել ու վայելել առավել մեծ հարգանք ողջ աշխարհում, ունենալ առավել բարձր հեղինակություն եւ վարկ:

Մենք շատ բարձր նշաձողից ենք շարունակում: Մեր նախնիները դարեր շարունակ կաթիլ առ կաթիլ ձեւավորել են հայի եւ Հայաստանի կերպարը: Նաեւ մեծանուն հայորդիներն են իրենց գործով ողջ աշխարհում փառաբանել եւ՛ իրենց, եւ՛ իրենց ազգի անունը: Այսօր նոր իրականություն ունենք. աշխարհին այսօր մենք առաջին հերթին ներկայանում ենք որպես պետություն եւ որպես աշխարհասփյուռ հայություն: Ուրեմն մեր կարեւորագույն նպատակներից մեկն էլ պիտի լինի այն, որ ուրիշները հարգեն տարբեր մայրցամաքներում գտնվելու, բայց միասին լինելու, ընդհանուր գործ անելու մեր կարողությունը, հինավուրց ազգի համամոլորակային համերաշխության դրսեւորումը: Հավատացե'ք, սա քչերին է տրված եւ հաստատ արժանի է հարգանքի: Մանավանդ որ այդ համերաշխությունն ուղղված է մեր տունը կառուցելուն: Մեր ընդհանուր տունը մենք պիտի կառուցենք այնքան հիմնավոր, որքան հիմնավոր է հայը կառուցում իր սեփական տունը: Ընդհանուր տուն ասելով` նկատի ունեմ Հայաստանը, նկատի ունեմ Արցախը, այսինքն նկատի ունեմ Հայոց հայրենիքը:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայտնի է, որ կան պետություններ, որոնք փորձում են օտարներին հարգանք պարտադրել իրենց զենքով ու զորքով, բայց նաեւ հայտնի է, որ դրանք ավելի հաճախ հարուցում են ատելություն, քան հարգանք: Դա մեր ճանապարհը չէ: Պոռոտախոսությունը նույնպես մեր ճանապարհը չէ: Մեր ճանապարհը արարելու, ստեղծագործելու եւ խաղաղություն պարտադրելու ճանապարհն է:

Այսպիսով. մենք պետք է հիմնավորապես կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական եւ սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամրանանք` դրսեւորելով տասը միլիոն հայերի համերաշխությունը: Ազգային արժանապատվությունն այլ կերպ չի լինում: Սա մեր հարգանքն է մեր նկատմամբ, որից սկսում եւ մեծանում է մյուսների հարգանքը մեր հանդեպ:
Ես չեմ կասկածում, որ այս ճանապարհով հավաքական հայությունը կվայելի ավելի բարձր հեղինակություն, եւ նրա առջեւ կբացվեն ավելի լայն դռներ:

Աշխարհում Հայաստանից հետո ամենաշատ հայեր ապրում են Ռուսաստանում: Այստեղ ձեզ ճանաչում են, ընդունում ու հարգում: Այս իրողությունը ձեզ համար եւ՛ պատիվ է, եւ՛ պարտավորություն: Դուք լավ գիտեք վաստակած հարգանքի գինը եւ զգում եք դրա խթանիչ ուժը ձեր գործունեության համար: Ես հենց այդ զգացումը նկատի ունեմ, եւ դրա բազմապատկման կարեւորությունն եմ մատնացույց անում:

Հարգելի՛ ներկաներ,

«Հայաստան» հիմնադրամն այն եզակի կառույցներից է, որը, ունենալով համազգային ընդգրկում, կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարեւորության ծրագրեր, հատկապես` իրականացնել գաղափարի շուրջը համախմբելու առաքելություն. գործ, որ բազմապատկում է մեր հավատն ու վստահությունը մեր իսկ ուժերի եւ մեծ հաշվով` մեր գալիքի նկատմամբ:

Սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ,

Ձեզ հետ շփումների ժամանակ ես հաճախ եմ հարցեր ստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետեւողական կայացման, ԼՂ հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակի, հարեւան հանրապետությունից անընդհատ հնչող ռազմական կոչերի եւ մեր պաշտպանական հնարավորությունների ավելացման մասին: Իմ ուղերձը ձեզ շատ հստակ է` Լեռնային Ղարաբաղը կայացած եւ շարունակաբար ամրացող պետություն է, ավելին ասեմ` շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան հարեւան Ադրբեջանը: Բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են, եւ ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները: Իսկ պաշտպանական մեր կարողությունների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբեւէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի ուժեղ ենք լինելու:
Հայոց բանակը թրծվել է պատերազմի բոհում: Մենք բռնություն եւ պատերազմ չենք հրահրել, սակայն ստիպված ենք եղել պաշտպանել մեր օջախը: Հենց դա է անհավասար ճակատամարտում հաղթանակի հասնելու հիմնական պատճառը: Իր օջախը, տունը, ծնողներին, ընտանիքը, զավակներին պաշտպանող ժողովուրդն անպարտելի է:

Աստված վկա է` հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում, եվ այժմ էլ մենք նախահարձակ չենք լինելու, բայցեւ մենք չենք անտեսի մեզ նետված մարտահրավերը: Մենք միշտ ամուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր, շատ ավելի ամուր ենք լինելու ապագայում»: