Վրաստանը նախատեսել է 10 մլն լարի (մոտ 4 մլն դոլար) ծախսել ռազմական պատրաստության կենտրոնի կառուցման համար՝ գերմանական Խոխենֆելս բազայի նմանությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան՝ Վրաստանի խորհրդարանում ելույթ ունենալով տարեկան հաշվետվությամբ, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:
Կենտրոնը կկառուցվի 2016-2019 թվականների անվտանգության ոլորտում շրջանակային համաձայնագրի շրջանակում, որը Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքվել է անցյալ տարեվերջին: Պայմանագիրը նաեւ «Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում համագործակցության խորացման մասին» հուշագրի շարունակությունն է, որը 2016-ի հուլիսին Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Լեւան Իզորիան նշել է, որ կենտրոնի կառուցման համար միջոցները հաջողվել է ներգրավել օպտիմալացման եւ վերակազմավորման շնորհիվ, որը պաշտպանական գերատեսչությունում սկսվելէ 2016-ի դեկտեմբերից եւ ավարտվել է 2017-ի հունվարին: Դրա շնորհիվ հաջողվել է տնտեսել 32 մլն լարի (13,2 մլն դոլարից ավելի):
Առայժմ հայտնի չէ, թե որքան գումար կհատկացվի ԱՄՆ-ի կողմից: 2017-ի մարտի սկզբին Վրաստանի ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չիչիբայան հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հուշագրի շրջանակում պատրաստվում է Վրաստանին հատկացնել 60-ից մինչեւ 70 մլն դոլար:
2009 թվականի հունվարին Վաշինգտոնում ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրվել, որով նախատեսվում է գործընկերային կապերի եւ համագործակցության ընդլայնում պաշտպանության եւ անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, ժողովրդավարական բարեփոխումների, դիվանագիտության եւ մշակույթի ոլորտներում:



























