Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Անզոր Գուբաշեւը չի հիշում՝ ուր է նետել ատրճանակը, որով գնդակահարվել է քաղաքական գործիչը: Այս մասին նշված է ամբաստանյալ Գուբաշեւի նախաքննության փուլում տրված ցուցմունքներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներկայումս նա արդեն հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից եւ հերքում է իր մեղքը, այդ պատճառով Մոսկվայի շրջանային ռազմական դատարանում ցուցմունքներն ընթերցել է դատախազ Մարիա Սենյոնենկոն:

«Զենքը շպրտվել է, թե ուր՝ հիմա ճշգրիտ չեմ կարող ասել: Ես Մոսկվային լավ ծանոթ չեմ, այդ պատճառով ճշգրիտ չգիտեմ որտեղ եմ գցել ատրճանակը»,- նշված է ցուցմունքներում:

Երեքշաբթի Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի դատավորը նիստերից հեռացրել է Նեմցովի սպանության գործով ամբաստանյալներ եղբայրներ Անզոր եւ Շադիդ Գուբաշեւներին կարգը բազմիցս խախտելու պատճառով: Նրանք դատարանի դահլիճ կվերադառնան միայն վերջին խոսքով հանդես գալու համար: Հեռացման անմիջական պատճառը ամբաստանյալների բողոքն էր իրենց խոստովանական ցուցմունքների հրապարակման դեմ, որոնք տվել են քննության փուլում: