Հավանականությունը, որ Հարավային Օսիան կընդգրկվի Ռուսաստանի կազմում գրեթե «հարյուր տոկոսանոց» է, BBC -ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովը։

«Հավանականությունը մեծ հաշվով հարյուր տոկոսանոց է, քանի որ բոլորս էլ հոյակապ հասկանում ենք, որ երեք տարի է մնացել այն պահին, երբ մենք կկարողանանք ասել, որ 100 տարի է անցել օսեթ ժողովրդի բաժանման օրից,- ասել է Բիբիլովը,- Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի վերացնենք այսօրվա պատմական անարդարությունը։ Բոլորը կարծում են, թե Հարավային Օսիայի հանրապետությունը անկախ պետություն է, բայց եթե խորը մտածենք՝ մենք տեսնում ենք էթնոսի այդ բաժանումը»։

Բիբիլովը միաժամանակ պարզաբանել է, որ միավորումը հնարավոր է «միայն Ռուսաստանի կազմում, Հյուսիսային ու Հարավային Օսիաների վերամիավորումով»։ Նրա խոսքով այդ հարցը քննարկվել է Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ։

Բիբիլովը չի ճշգրտել, թե Ռուսաստանի հատկապես որ պաշտոնյայի հետ է բանակցել, նշելով միայն, որ «ըմբռնումը մի բան է, իսկ քաղաքական գործընթացները ՝ բոլորովին այլ»։