«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Իրիցյանն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ:  Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ արդեն մի քանի ամիս է իր պաշտպանյալը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում:

«Առողջական լուրջ խնդիրներ ունի, հիվանդության բավականին մեծ պատմություն ունի: Երեկ եմ նրան տեսակցել, լյարդի ցավերից էր բողոքում, ոտքերի, երիկամների ցավից, նաեւ աղիքային անանցանելիություն ունի եւ հատուկ սննդակարգի անհրաժեշտություն կա»,-ասաց նա:

Նշենք, որ Գեւորգ Իրիցյանի մասով նախաքննությունն ավարտվել է:

Գեւորգ Իրիցյանը   ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության ժամանակ ազդրի  շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, բացի այդ, նա նաեւ ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 218-րդ մասով  (պատանդ վերցնելը), սակայն, դատարանը գտել էր, որ նրան առաջադրված մեղադրանքներից մեկում՝ պատանդ վերցնելը,  հիմնավոր կասկածը բացակայում է:

Գեւորգ Իրիցյանը Ջավախքի Ախալցխա քաղաքի բնակիչ է, նա հուլիսի 16-ին Երեւան էր եկել տարեց մորը տեսակցելու, իսկ հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» մյուս անդամների հետ գնացել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու: