Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ զեկույց կներկայացնի՝ «Սասնա ծռեր»-ի կողմից Հայաստանի ոստիկանության Երեւանի ՊՊԾ գունդը գրավելու եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
Ապրիլի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արման Թաթոյանը հայտնել է, որ զեկույցը կհրապարակվի մոտ ժամանակներում, եւ հավելել, որ այն չի ներկայացվել մինչ ընտրությունները, քանի որ կտրուկ գնահատականներ է պարունակում։
Նրա խոսքով՝ կազմված են բախումների քարտեզները, ոստիկանության անթույլատրելի գործողությունների քարտեզները, ուսումնասիրված են լրատվամիջոցների, սոցկայքերի եւ բռնի գործողությունների կոչերի հաղորդագրություները։ Ընդհանուր առմամբ, օմբուդսմենի գնահատականով, խախտումներ եղել են ինչպես ոստիկանության, այնպես էլ ցուցարարների կողմից, հստակ գնահատված են հատուկ միջոցներ կիրառելու հարցը, լրագրողների նկատմամբ բռնության փաստերը։ Զեկույցում կներկայացվեն նաեւ բռնության կոչերի վերաբերյալ տվյալները։
Օմբուդսմենը նաեւ նշել է, որ եթե հուլիսի 29-ի երթը խաղաղ բնույթ էր կրում, ինչո՞ւ կազմակերպիչները քաղաքացիներին տարան Սարի թաղի նեղ փողոցներով։
Պատասխանելով հարցին, արդյո՞ք հուլիսի 29-ի հանրահավաքը խաղաղ է համարում, օմբուդսմենը նշել է, որ չի կարծում, թե Սարի թաղի նեղ փողոցներով երթը՝ մարտական կոչերով, խաղաղ նպատակներ էր հետապնդում։ Նրա խոսքով՝ այլ հարց է, որ ոստիկանությունը խախտումներ է թույլ տվել։
Խոսելով «Սասնա ծռեր» խմբավորման որոշ անդամների՝ հարազատների հետ տեսակցելու արգելքի մասին, Արման Թաթոյանն ասել է, որ նման մոտեցումը ճիշտ չի համարում։ Նրա խոսքով՝ այդ իմաստով Հայաստանի պրակտիկան հակասում է միջազգային մոտեցմանը, եւ հարազատների հետ տեսակցելու արգելքը չպետք է ճնշման միջոց լինի։




























