«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Իրիցյանի մոտ արձանագրվել են մի շարք խրոնիկ հիվանդություններ, որոնք ձեռք է բերել մինչ կալանավորումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ ասվում է.
«Գ. Իրիցյանը հիմնարկի բուժմաս է տեղափոխվել 2016թ. օգոստոսի 3-ին ձախ ազդրի հետհրազենային վերքի բուժման նպատակով: Հետագայում Գ. Իրիցյանի մոտ արձանագրվել են մի շարք խրոնիկ հիվանդություններ, որոնք ձեռք է բերել մինչ կալանավորումը: Քրեակատարողական հիմնարկում նա ենթարկվել է սոնոգրաֆիկ եւ ռենտգեն հետազոտությունների, բազմիցս զննել են մաշկաբանն ու նյարդաբանը: Պարբերաբար ներկայացվել է նաեւ բժշկական աշխատանքային հանձնաժողովի (ԲԱՀ) նիստերին, ինչի արդյունքում մի շարք հետազոտություներից հետո նշանակվել են համապատասխան բուժումներ, որոնք նա, բժիշկների դինամիկ հսկողության ներքո, մինչ այժմ ստանում է, ինչն արձանագրված է վերջինիս հիվանդության պատմագրում:
Ինչ վերաբերում է հատուկ սննդակարգին, ապա տեղեկացնենք, որ «հատուկ սննդակարգ» հասկացություն գոյություն չունի: Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի ստանալու հավելյալ սնունդ հիվանդի դիմումի հիման վրա, բժիշների ցուցմամբ, ըստ անհրաժեշտության»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեւորգ Իրիցյանը մի քանի ամիս է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում է, նա առողջական խնդիրներ ունի: Նրա պաշտպան Արային Պապիկյանը NEWS.am-ին հայտնել էր, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ, հիվանդության բավականին մեծ պատմություն ունի. «Երեկ եմ նրան տեսակցել, լյարդի ցավերից էր բողոքում, ոտքերի, երիկամների ցավից, նաեւ աղիքային անանցանելիություն ունի եւ հատուկ սննդակարգի անհրաժեշտություն կա»:




























