Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 13-ին, զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանը դատարն էր եկել «Արարատ Խանդոյան. Ես քաղբանտարկյալ եմ» գրությամբ պաստառով: Դատական նիստի մասնակիցները դատարանում նրան ծափահարություններով դիմավորեցին:
Արարատ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց գործով երկու վկաների ցուցմունքներն անթույլատրելի ճանաչել: Նա նշեց, որ գործով վկաներ ճանաչված Երվանդ Խաչատրյանն ու Լեւոն Հակոբյանը Քննչական կոմիտե են կանչվել հեռախոսազանգով` առանց ծանուցման: Նրանք չեն իմացել ինչու են գնում Քննչկան կոմիտե, որ գործով եւ ինչ դատավարական կարգավիճակում են:
«Նյութերը, որոնք ձեռք են բերվել մարդու ազատությունների խախտմամբ, չի կարող դրվել քրեական գործի հիմքում: Վկայի անվան տակ ձեռք է բերվել անթույլատրելի ապացույց, որն էլ դրվել է գործի հիքում: Վկաները խաբեությամբ կանչվել են քննչական կոմիտե եւ քննիչի սենյակում դարձել վկա»,-ասաց նա:
Արա Ղարագյոզյանը նաեւ միջնորդույթուն ներկայացրեց դատաքննությունը լրացնելու եւ լրացուցիչ վկա հարցաքննելու վերաբերյալ: Նա նշեց, որ դեպքի օրը Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եղել է Արարատ Խանդոյանի կողքին եւ նա տեսել է, թե ինչպես են ոստիկանները քարեր նետում եւ սադրում, իսկ Արարատ Խանդոյանը փորձել է հանդարտեցնել. «Միջնորդում եմ, որպեսզի նրան դատակոչեն եւ հարցաքննեն որպես վկա»:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կուեննա ապրիլի 27-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ.հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:
Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է:




























