«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանին առաջադրված մեղադրանքը խստացվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Արայիկ Հակոբյանին նոր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով (գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով):
Սա նշանակում է, որ Արայիկ Հակոբյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատից հափշտակություն կատարելու մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին բանկոմատից գողացել էին մոտ 14 միլիոն դրամ: Նշենք, որ այս դրվագով մեղադրանք է առաջադրվել նաեւ մի քանի այլ անձանց:
«Արայիկ Հակոբյանը հայտարարում է, որ ինքը որեւէ պատկերացում չունի այդ դեպքի մասին»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Նշենք, որ Արայիկ Հակոբյանի մասով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի շուրջ երեք տասնյակ անդամները Էրեբունիում գրոհով վերցրել էին ՊՊԾ գունդը եւ պատանդ վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: ՊՊԾ գնդի երկշաբաթյա գրավումից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամները հանձնվել են, որից հետո՝ կալանավորվել:




























