Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Հրաչյա Բոյաջյանն արդեն 10 օր հացադուլի մեջ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարազատները: Հրաչյա Բոյաջայանը պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանավորումը: Մեզ հետ զրույցւոմ նրա կինը` Նարինե Ղազարյանը նշել էր, որ իր ամուսինը տառապում է ոչ շաքարային դիաբետով եւ նրան հացադուլի մեջ գտնվելը հակացուցված է:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը, Հրաչյա Բոյաջյանը, Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները: