ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է իր պաշտոնական կայքի նորացված տարբերակը, որն արդեն հասանելի է նաեւ հայատառ տարբերակով՝ մտս.հայ: Կայքն ունի ճկուն կառուցվածք, որը հարմար է նաեւ սմարթֆոններից եւ պլանշետային համակարգիչներից  օգտվողների համար: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կայքէջը կառուցված է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գերժամանակակից պլատֆորմի հիման վրա, ինչը թույլ է տալիս ապահովել ներբեռնման ավելի բարձր արագություն: Կայքի ծրագրային եւ կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են շուկայի պահանջներին առավալագույնս համապատասխանելու եւ կայքի հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտությամբ:

Վերափոխվել է նաեւ կայքի բովանդակային կառուցվածքը. այն առավելագույնս պարզեցվել եւ համապատասխանեցվել է բաժանորդների կարիքներին՝ բազմաբնույթ ծառայությունների եւ ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկություններն առավել հեշտ փնտրելու եւ բաժանորդին դրանք առավել ընդգրկուն եւ հասկանալի ձեւով մատուցելու համար: Նոր կառուցվածքում հաշվի է առնված ծառայությունների եւ ապրանքատեսակների պահանջարկը՝ ըստ շուկայի սահմանած առաջնահերթությունների, ինչպես նաեւ՝ փնտրվող տեղեկությանը հասնելու համար քայլերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը:

Նորացված կայքէջն առցանց վճարումների ընդլայնված հնարավորություններ է ընձեռում ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատուցած, այլեւ տարատեսակ այլ ծառայությունների համար՝ անհամեմատ արագ եւ ապահով եղանակով: Կայքի միջոցով գործառնությունները հասանելի են օպերացիոն տարբեր համակարգերից օգտվող օգտատերերի համար:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի hիմնովին թարմացված կայքը նաեւ մտս.հայ հասցեով հասանելի դարձնելով՝ ընկերությունը հերթական քայլն է կատարել՝ համացանցում հայերենի կիրառումն առավելագույնս խրախուսելու ուղղությամբ: Ուրախ կլինենք ծանոթանալ մեր վիրտուալ այցելուների դիտարկումերին՝ հետադարձ կապի համար նախատեսված՝ «Ունե՞ք հարցեր» բաժնում: Նորացված կայքն ընձեռում է առավել լայն հնարավորություններ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ առցանց ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ, արագ եւ անվտանգ դարձնելու համար», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: