Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը հետաձգվել է՝ 24 վկա ոստիկանների դատարան չներկայանալու պատճառով:  Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, NEWS.am-ը տեղեկացավ քրեական գործով կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կնոջից: Էդուարդ Զեյթունյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարան չներկայացած 24 վկա ոստիկաններին բերման ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 5-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները