Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում 10 կալանավորվածների հարազատները ապրիլի 21-ից նստացույց կսկսեն նախագահ Սերժ Սարգսյանի տան դիմաց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը՝ տիկին Լալան: Նա նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց 3 շաբաթից ավելի տեւած նստացույցն արդյունք չի տվել եւ որոշում է կայացվել ապրիլի 21-ից սկսած նստացույց սկսել նախագահի տան դիմաց: Տիկին Լալայի խոսքով, իր ամուսնու առողջական վիճակը վատ է եւ նա չի կարող այդ վիճակում երկար ժամանակ գտնվել անազատության մեջ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։