Fitch միջազգային վարկանշային գործակալությունն այսօր՝ ապրիլի 26-ին,  վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) վարկանիշը:

Միաժամանակ «բացասական» կանխատեսումը վերանայվել է «Կայունի»:

Վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանություններն եւ մասնավորապես նշել, որ «բանկի վարկանիշը հիմնված է ընդունելի ֆինանսական ցուցանիշների վրա, որոնք ամրապնդված են վերականգնվող տնտեսությամբ ու արժույթի հարաբերական կայունությամբ; բանկի կապիտալի ու իրացվելիության պաշարի; տեղական շուկայում բանկի զգալի դերի (ներքին շուկայի վարկավորման 13% մասնաբաժին) վրա»:

Կանխատեսման վերանայումը Բացասականից Կայունի «արտացոլում է Fitch-ի սպասումները, որ ակտիվների որակի, մասնավորապես վերակառուցված/ռիսկային ակտիվների հետ կապված հնարավոր ռիսկերը կարող են աստիճանաբար կլանվել բանկի եկամուտներով՝ առանց կապիտալի վրա ազդեցության»:

Fitch վարկանշային գործակալությունը նշել է նաեւ Արդշինբանկի կողմից Առէքսիմբանկի հետ միացման/ձեռքբերման վերջին գործարքը. «Վերջերս ավելի փոքր Առէքսիմբանկի հետ տեղի ունեցած միաձուլումը չեզոք ազդեցություն է ունեցել Արդշինբանկի վարկանիշի վրա, քանի որ Առէքսիմբանկի մասնակցությունը միաձուլված բանկի հաշվեկշռում չի գերազանցում 8%, այն դեպքում, որ Առէքսիմբանկի հաշվեկշիռն էականորեն մաքրվել է նախորդ սեփականատերերի կողմից»:

Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:

Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s եւ Fitch) ստացված վարկանիշ: