Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործին միացված Ժիրայր Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի եւ մի քանի այլ անձանց դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 26-ին, քրեական գործով կալանավորված Ներսես Պողոսյանի քույրը՝ Վարսիկը, նշեց, որ մեկ ամիս առաջ քրեական գործն ուղարկվել էր հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, սակայն քննիչին հանձնարարվել էր վերսկսել նախաքննությունը՝ քննչական գործողություններ իրականացնելու պատճառաբանությամբ:
Գործի նյութերը կուղարկվեն դատարան:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ մայիսի 20-ի դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Մեղադրանք է առաջադրվել Հովհաննես Պետրոսյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին, Աշոտ Գուգուշյանին, Գալուստ Գրիգորյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Արթուր Մովսիսյանին, ով գտնվում է հետախուզման մեջ եւ Սմբատ Գալոյանին, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ժիրայր Սեֆիլյանը մինչ այսօր անազատության մեջ է։




























