Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակին (OLAF) հայտնել է Հայաստանում Եվրոպական միության  կողմից ֆինանսավորվող ծրագրերի առնչությամբ հնարավոր խախտումների մասին: Այդ մասին հայտնում են պատվիրակության մամուլի ծառայությունից։

«Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակն անցկացրել է քննություն եւ այդ մասին հայտնել ՀՀ իշխանություններին, որոնք  գրասենյակի առաջարկով իրենց կողմից իրականացնում են գործի քննություն: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցներից մեկը ձերբակալվել է ընթացող քննության շրջանակներում:

Եվրոպական միությունը լիովին հանձնառու է կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին եւ կշարունակի աջակցել կասկած հարուցող ցանկացած խախտման առնչությամբ լիարժեք, արդյունավետ եւ թափանցիկ քննության իրականացմանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հիշեցնում է, որ պետք է կիրառվի անմեղության կանխավարկածը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, թե Երեւանում երեկ՝ ապրիլի 26-ին, ձերբակալվել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի աշխատակից: ԵՄ հայաստանյան պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը կասկածվում է հափշտակություն կատարելու մեջ: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաեւ հետախուզման մեջ գտնվող անձինք: