Մոսկվայում այսօր՝ ապրիլի 28-ին տեղի ունենալիք Էդվարդ Նալբանդյան, Էլմար Մամեդյարով, Սերգեյ Լավրով եռակողմ հանդիպումից մեծ ակնկալիքներ չկան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով, այն պայմաններում, երբ Հայաստանը խոսում է վերահսկման մեխանիզմների տեղադրման մասին, իսկ Ադրբեջանը մերժում է այդ պայմանավորվածության կատարումը, կասկածելի է, որ հնարավոր կլինի բանակցություններում առաջընթաց արձանագրել:

Դեսպանը նկատեց, որ պաշտոնական Երեւանը մի քանի ամիս առաջ կատեգորիկ դեմ էր բանակցություններին, քանի դեռ կյանքի չեն կոչվել վերհսկման մեխանիզմների տեղադրման պայմանավորվածությունը. «Բայց հանկարծ համաձայնվեց, որ Նալբանդյանը գնա։ Ըստ երեւույթին՝ մի բան եղել է, եւ Լավրովն այնտեղ հայտարարեց, որ ընդհանուր եզրակացությունների են եկել, իհարկե, անորոշ նրբություններ կան եւ ամեն ինչ չէ, որ ասում են, տեսնենք ինչ կլինի»:

Ավելի վաղ NWES.am-ը հայտնել էր, որ ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի  կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով: