Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Սահմանադրական դատարանը հայց քննեց, որն իրավական հիմնավորումից զուրկ էր, նաեւ ապացուցողական հիմքից: Ապրիլի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով ՍԴ որոշումը հրապարակելուց հետո:

Նրա խոսքով՝ ՍԴ որոշումն անսպասելի էր նրանց համար, ովքեր գործի ընթացքին հետեւում էին: «Գործի քննությունը լիովին ցուցադրեց ինչպես իրավական հիմնավորվածության բացակայությունը, այնպես էլ հայցի փաստական հիմքերի: Ես արդեն առիթ ունեի ասելու, որ սա հավանաբար Հայաստանի պատմության մեջ առաջին հայցն է, երբ Սահմանադրական դատարանը հայց է քննում, որն, ըստ էության, զուրկ էր ինչպես իրավական, այնպես էլ ապացուցողական հիմքից: Սա առաջին դեպքն էր, երբ ՍԴ էր ներկայացված նման որակի հայց»,- նշեց Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ ՍԴ որոշման մեջ արտացոլվել է այն վիթխարի աշխատանքը, որն այս խորհրդարանական ընտրություններում իրականացվել է: