ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյան իր կողմից հարուցված կատարողական վարույթներով  պարտապան Արմեն Քոչարյանից ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որոնք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել եւ ծախսել է անձնական կարիքների համար:

Մասնավորապես,  ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանն իր կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակներում պարտապան` Երեւանի բնակիչ Արմեն Քոչարյանից  2012-2013 թթ.-ի ընթացքում մաս-մաս ստացել է արգելադրման ենթակա 7000 դոլարից 3500 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ պետական տուրքի եւ կատարողական գործողությունների կատարման ծախսի համար նախատեսված 150 ԱՄՆ դոլար: Հարկադիր կատարողը պարտավոր է եղել հիշյալ գումարներն օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ ուշ, քան դրանք առգրավելու հաջորդ օրը հանձնել  ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին, ինչը չի կատարել: Դրա փոխարեն Գրիգոր Սարգսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իրեն ի պաշտոնե վստահված 3650 ԱՄՆ դոլար գումարը յուրացրել է` այն օգտագործելով անձնական կարիքների համար:

Այսպիսով, յուրացնելու եղանակով խոշոր չափերով գումար հափշտակելու համար ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: