Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում կարող է երկրի վարչապետի պաշտոնում կնոջ նշանակել: Այս մասին նա ասել է BFMTV հեռուստաալիքի եթերում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Այժմ իմ գլխում երկու-երեք թեկնածություններ կան, նունիսկ երկու: Բայց ես այդ մասին դեռ չեմ բարձրաձայնի: Պարզապես անլուրջ է առանց ընտրություններում հաղթելու հայտնել վարչապետի անունը», - ասել է Մակրոնը` նկատի ունենալով իր մրցակից Մարին Լը Պենի հայտարարությունը, ով օրերս հայտնել է, որ իր վարչապետը կդառնա «Ազատ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Նիկոլյա Դյուպոն-Էնյանը:
Մակրոնը միայն խոստովանլե է, որ «իր օրոք կարող է լինել կին վարչապետ»: Դրա հետ կապված` լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել են Սեգոլեն Ռուալի անունը, ով ներկայիս Ֆրանսիայի էկոլոգիայի, կայուն զարգացման, էներգետիկայի եւ ծովի նախարարն է:
Ըստ քաղաքական վերլուծաբանների` Մակրոնը կարող է նաեւ վարչապետի պաշտոնում նշանակել «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուին, ով եւս նրան աջակցում է ընտրություններում:




























