Ավստրալիայի կառավարությունը հաստատել է, որ մտադիր է 3․8 մլրդ դոլար ներդնել Սիդնեյում երկրորդ միջազգային օդանավակայանի շինարարության մեջ։

Մինչդեռ Sydney Airport ընկերությունը, որը Սիդնեյի գործող միջազգային օդանավակայանի օպերատորն է, նախօրեին վերջնականապես հրաժարվել է մասնակցել այդ նախագծին՝ ռիսկերի ու ծախսերի պատճառով։ «Sydney Airport–ն իր որոշումը կայացրել է՝ առաջնորդվելով մեր ներդրողների շահերով ՝ միլիոնավոր ավստրալացիների, որոնք բաժնետեր են կենսաթոշակային հիմնադրամների միջոցով»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։ Վերլուծաբանները Sydney Airport –ի մտավախությունները համարում են հիմնավորված ու գովել են ընկերությանը ֆինանսական կարգապահության համար։ Օպերատորի բաժնետոմսերը այդ ֆոնին թանկացել են 0․3 տոկոսով։

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլի ու ենթակառուցվածքի հարցերով նախարար Փոլ Ֆլեթչերի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ կառավարությունն իր ծրագրերում երկու տարբերակ է նախատեսել՝ Sydney Airport -ի համաձայնությամբ ու առանց դրա։ Նախագծի ֆինանսավորման մանրամասները կհրապարակվեն դաշնային բյուջեի հրապարակման շրջանակում՝ մայիսի 9-ին։ Ենթադրվում է, որ կառավարությունը մեկ այլ օպերատոր կգտնի, կամ էլ ինքնուրույն կզբաղվի նախագծով, ստեղծելով համապատասխան պետական ձեռնարկություն։

Իշխանությունները վստահեցնում են, որ միայն շինարարության փուլում տնտեսության մեջ գումարների հոսքը կկազմի առնվազն 1․9 մլրդ ավստրալիական դոլար։ Մինչեւ 2030-ականներ Արեւմտյան Սիդնեյում այդ շինարարության շնորհիվ կստեղծվեն մոտ 9 հազար աշխատատեղեր, իսկ հեռանկարում՝ ավելի քան 60 հազար։

Սիդնեյի գործող միջազգային օդանավակայանը երկրի խոշորագույն ու ամենահին ավիահանգույցն է, այն գործում է 1921-ից։

Սիդնեյում երկրորդ օդանավակայանի անհրաժեշտության մասին քննարկումները սկսվել են դեռ 1946-ից։ Իսկ դրա շինարարության մասին որոշումը կայացվել է 2014-ին։