Մեծ Բրիտանիան չի պատրաստվում Եվրամիությունից դուրս գալու ընթացքում 100 մլրդ եվրո (85 մլրդ ֆունտ սթերլինգ) վճարել, հայտարարել է Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յուները ավելի վաղ հաստատել էր, որ Բրյուսելը մտադիր է Brexit-ի բանակցությունների մեկնարկից հետո Լոնդոնին մոտ 60 մլրդ եվրոյի «հաշիվ» ներկայացնել:

Չորեքշաբթի Financial Times-ը հայտնել է, որ Բրյուսելը մեծացրել է իր ֆինանսական պահանջը եւ այժմ Մեծ Բրիտանիայի ֆինանսական պարտավորությունները 100 մլրդ եվրո է գնահատում:

«Մենք 100 մլրդ եվրո չենք վճարի: Այն, ինչ պետք է անենք, դա բոլոր իրավունքների եւ պարտականությունների մանրամասն քննարկումն է»,- ասել է Դեւիսը:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել էր ԵՄ-ից դուրս գալու բանակցություններում խիստ եւ հետեւողականորեն պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները՝ նշելով, որ բանակցությունները «կոշտ կլինեն»: