ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առողջապահական բարեփոխման օգտին, որը պետք է փոխարինի նախկին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած բարեփոխումների փաթեթը (Obamacare)։
Թրամփի ու նրա կուսակիցների օրինագծում առաջարկվում է չեղարկել ապահովագրական ընկերությունների ու բարձր եկամուտներով անձանց համար մուծումներն ու հարկերը, որոնք ամրագրված էին Օբամայի բարեփոխումով, այդ թվում տուգանքները՝ պարտադիր պետական ապահովագրությունից հրաժարվելու համար։ Թրամփի օրենքը նաեւ առաջարկում է կրճատել Medicaid ծրագրի ֆինանսավորումը, որը նախատեսում է ապահովագրության տրամադրում ցածր եկամուտներով հաճախորդներին ու չեղարկել տարեց քաղաքացիների համար սուբսիդիաները, որոնք արդեն օգտվում են հարկային արտոնություններից։
Բացի դրանից Թրամփի բարեփոխումն առաջարկում է ապահովագրությունների պետական սուբսիդավորումը փոխարինել հաճախորդների համար հարկային զեղչերով։ Ընդ որում սկզբունքը հետեւյալն է լինելու՝ 50-60 տարեկանից մեծ ամերիկացիները պետք է ավելի շատ վճարեն ապահովագրության համար, քան երիտասարդները։
Թրամփի նախաձեռնությունը պետք է ստանա Սենատի հավանությունը, որտեղ հանրապետականները Ներկայացուցիչների պալատի համեմատ ձայների ավելի քիչ գերազանցություն ունեն։




























