Փարիզի ոստիկանությունը ուրբաթ առավոտյան ձերբակալել է Greenpeace-ի 3 ակտիվիստների, որոնք Էյֆելյան աշտարակի վրա պաստառ էին փակցրել ընդդեմ նախագահի թեկնածու Մարին Լը Պենի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուրբաթ լուսաբացին ավելի քան 10 ակտիվիստներ Էյֆելյան աշտարակի վրա են փակցրել մեծ պաստառ Ֆրանսիայի ազգային կարգախոսով՝ «Ազատություն: Հավասարություն: Եղբայրություն», նախագահական ընտրություների նախաշեմին բողոքելով «Ազգային ճակատ» կուսակցության դեմ: Հաղորդվում է, որ ակցիայի ընթացքում «կանաչները» հուշարձանը վնասել են՝ քանդել են աշտարակը շրջափակող պաշտպանական ցանցը:

«Երեք մարդ ձերբակալվել է եւ հսկողության տակ է: Շարունակվում է մյուս ակտիվիստներին ձերբակալելու գործողությունը»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Փարիզի ոստիկանության ղեկավարությունը հանդիպում է նախաձեռնել քաղաքային իշխանությունների եւ աշտարակի օպերատոր SETE ընկերության հետ՝ միջադեպը քննարկելու նպատակով: «Այս ակցիայի պատճառները որոնք էլ եղած լինեն, այն ակներեւ դարձրեց Էյֆելյան աշտարակի անվտանգության համակարգի տապալումը»,- նշել են ոստիկանությունից:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին: