Նախքան Եվրասիական Միությանն անդամակցելը` Հայաստանն ուսումնասիրություններ է անցկացրել եւ համեմատել, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենա Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր (DCFTA) ունենալու եւ ԵԱՏՄ-ին միանալու դեպքերում: Այս մասին emerging-europe.com-ի գլխավոր խմբագիր Էնդրյու Վրոբելին տված հարցազրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Իրականում, մի լավ ասացվածք կա. «Եթե ցանկանում ես քո սեփական օգուտն ունենալ, մի' մեղադրիր քո գործընկերոջը այդ հնարավորությունից չօգտվելու համար»: Ուրիշներին մեղադրելու փոխարեն պետք է ինքդ մտածես, թե ինչ է պետք անել շահ ստանալու համար:
Անկեղծ ասած, նախքան Եվրասիական միությանը անդամակցելը` մենք ինքներս ուսումասիրություններ ենք անցկացրել եւ համեմատել, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենանք Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր(DCFTA) ունենալու եւ ԵՏՄ-ին միանալու դեպքերում: ԵՄ ԽՀԱԱՀ-ին անդամակցելու արդյունքում տնտեսական կարճաժամկետ ազդեցությունը գնահատվում էր ՀՆԱ-ի շուրջ 1.06 տոկոսային կետ: Երկարաժամկետ հեռանկարում այն կլիներ մոտ երկու տոկոսային կետ` առանց մուլտիպլիկատիվ էֆեկտի»,-հայտարարել է նախարարը:
Անդրադառնալով ԵՏՄ անդամակցությանը, նախարարը նշել է. «Մենք իրականացրել ենք մաքսային միությանը անդամակցելու ուսումնասիրությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ: Մեր գնահատմամբ` այս դեպքում մենք կստանայինք տարեկան նվազագույնը 2.4 տոկոսային կետ: Այսօր մարդիկ քննադատաբար են մոտենում, քանի որ 2015 թվականին արտահանումները դեպի Ռուսաստան նվազել են, բայց դա ամերիկյան դոլարի նկատմամբ ռուսական արժույթի արժեզրկման եւ իր իրական արժեքով ռուսական ռուբլու նկատմամբ մեր արժույթի արժեւորման, ինչպես նաեւ Ռուսաստանում տեղական պահանջարկի զգալի նվազեցման արդյունքում էր:
Եթե մենք միայն հաշվի առնենք գազի գների ազդեցությունը, որը գնում ենք Ռուսաստանից, 30 տոկոս արտահանման սակագինը այստեղ չի կիրառվում, քանի որ մենք ԵՏՄ անդամ ենք: Անվանական ազդեցությունը տարեկան շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար է: 140 մլն դոլարը մեր ՀՆԱ-ի գրեթե 1.4 տոկոսային կետն է, եւ ես դեռ չեմ խոսում էներգակիրների սակագների ազդեցության երկրորդ փուլի մասին: Գազի գինն արտացոլվում է էներգակիրների գների մեջ, ինչն ազդեցություն է ունենում սպասարկման ծախսերի վրա, որոնք հոգում են հայկական ընկերությունները, եւ, իհարկե, դա կարող է վնասել նրանց մրցունակությանը»:
Նրա խոսքով կա նաեւ ԵՏՄ անդամակցության քաղաքական կողմը. «Այո, շատ քաղաքական գործիչներ ասում են, որ ԵՄ մաս կազմելը կարող էր խթանել բարեփոխումները, քանի որ ԵՄ-ն ավելի զարգացած է, բայց մենք սերտորեն համագործակցում ենք թե ԵՄ-ի, թե ԵՏՄ-ի հետ: Իրականում, այս փուլում ԵՏՄ-ն մաքսային միություն է: Ինչեւէ, մենք համագործակցության ավելի լայն շրջանակ ունենք ԵՄ-ի հետ: Մենք իրականացնում ենք բարեփոխումներ լավ կառավարման, մարդու իրավունքների, դատական եւ բիզնես միջավայրի ոլորտներում եւ պատրաստվում ենք նույն ոգով շարունակել»:



























