«Գյուրջիեւ» համույթը մեծ հաջողություններով նոր է վերադարձել Հայաստան իր կարեւոր համերգային շրջագայություններից` ելույթ ունենալով եվրոպական երեք երկրներում` Ավստրիա, Հունաստան եւ Դանիա:
Համույթը ելույթ է ունեցել ավստրիական Կրեմս քաղաքի Իմագո Դեյ փառատոնում, Զալզբուրգ քաղաքի Օդեյոն սրահում, Հունաստանի ամենահայտի «Պառնաս» համերգասրահում, եւ Սմիրնիի քաղաքապետարանի սրահում: Դանիայում համերգը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Տրինիդատիս եկեղեցում` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, Դանիայում ՀՀ դեսպանատան ու «Global Music» հայտնի համերգային կազմակերպության համագործակցության շնորհիվ: Համերգը նվիրվել է հայոց ցեղասպանության զոհերի ու ցեղասպանության ականատես դանիացի միսիոներ Մարիա Յակոբսոնի հիշատակին: Յակոբսոնը այդ եկեղեցում խոստում էր տվել նվիրվել հայ ժողովրդին եւ, այդ նպատակով էլ Լիբանանում հիմնել է «Թռչնոց բույն» մանկատունը, փրկելով հարյուրավոր հայ որբ երեխաների:
«Գյուրջիեւ» համույթի համերգները շատ մեծ արձագանք են գտել երկրների առաջատար լրատվամիջոցների կողմից:
Հատկանշական է, որ Հունաստանի պետական ռադիոն 2 ժամ շարունակ ուղիղ եթերով հեռարձակել է համույթի կենդանի կատարումները: Համույթի գեղարվեստակամ ղեկավար Լեւոն Էսկենյանը հարցազրույցի ընթացքում խոսել է Կոմիտասի եւ Գուրջիեւի մասին:
Դանիայի ամենահայտնի DR ռադիոն երկար անդրադարձ է ունեցել Գուրջիեւ համույթի համերգին, հայկական երաժշտությանը, Հայոց Ցեղասպանությանը եւ Մարիա Յակոբսոնին:
Իսկ Վիեննայի ORF ռադիոկայանը Լեւոն Էսկենյանի մասնակցությամբ Կոմիստասին եւ Գուրջիեւին նվիրված 2 հաղորդում է պատրաստել, որոնք կհեռարձակվեն մայիս ամսին:
Համերգներին ներկա են եղել տասնյակ քաղաքական գործիչներ,դեսպաններ : Համերգնրն անցկացվել են լեփ-լեցուն դահլիճներում եւ մեծ ոգեւորությամբ են ընդունվել ներկաների կողմից: վերջին 5 տարիների ընթացքում «Գյուրջիեւ» համույթը հանդես է եկել 19 երկրներում, այս համերգային շրջագայությունների շնորհիվ համույթը եվրոպացի երաժշտասերներին եւս մեկ անգամ մոտեցրեց հայկական երաժշտությանն ու բարձրաձայնեց Հայոց Ցեղասպանության մասին:
Գուրջեւի համույթի համերգային շրջագայությունները իրականացվել են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:



























