Նիգերիայի իշխանությունները հայտնել են, որ 2014 թվականին Չիբոկայում առեւանգված 82 աշակերտուհիներն ազատվել են «Բոկո Հարամ» արմատական իսլամական խմբավորման գրոհայինների հետ փոխանակելով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի երկրի մայրաքաղաք Աբուջայում աղջիկները կհանդիպեն Նիգերիայի նախագահի հետ: Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ կառավարությունը բանակցություններ է վարում պատանդ պահվող աղջիկներին վերադարձնելու համար:

2014 թվականի ապրիլին «Բոկո Հարամ» իսլամական խմբավորման գրոհայինները Նիգերիայի հյուսիս-արեւելքում գտնվող Չիկոբայում առեւանգել էին 276 նիգերիացի աշակերտուհիների: Խմբավորման առաջնորդն առաջարկել էր նրանց փոխանակել բոլոր կալանավորված գրոհայինների հետ, բայց երկրի կառավարությունը հրաժարվել էր: 2016-ի օգոստոսին «Բոկո Հարամի» գրոհայինները տեսագրություն էին հրապարակել, որտեղ, նրանց հայտարարությամբ, պատկերված էին ողջ պատանդները: Հրապարակված կադրերում ընդգրկված էին ոչ բոլոր աշակերտուհիները: Գրոհայինները հայտարարել էին, որ մյուս աղջիկները զոհվել են ավիահարվածների հետեւանքով:

Առեւանգված աշակերտուհիներից 20-ից ավելին ազատվել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: Մյուսները գերությունից փախել էին կամ ազատվել: Ըստ որում՝ 195 աղջիկ համարվում էր անհետ կորած: