FEMEN հայտնի սկանդալային շարժման ակտիվիստները կիրակի առավոտյան ահռելի պաստառ են բերել այն տեղամասի մոտ, որտեղ առաջիկա ժամերին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելու է «Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու  Մարին Լը Պենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ակցիան ընթացել է Փարիզից հյուսիս Պա դե Կալե դեպարտամենտի Էնեն Բոմոն բնակավայրում:

Շարժման առավել հայտնի ակտիվիստներից մեկը՝ Իննա Շեւչենկոն Twitter-ի իր հաշվում իրադարձությունների վայրից լուսանկար է տեղադրել: Լուսանկարում պատկերված է 5 աղջիկ, որոնք հագել են մուգ ջինսեր եւ գլուխներին ծաղկեպսակներ դրել:

Պաստառի վրա գրված է «Մարինն իշխանության է հասնում, Մարիաննան՝ հուսահատության»: Մարիաննան երիտասարդ կին է, որը խերհրդանշում է Ֆրանսիան եւ մարմնավորում երկրի ազգային կարգախոսը՝ «Ազատություն: Հավասարություն: Եղբայրություն»:

Figaro-ն հայտնում է, որ մասնակիցներից մեկը ձերբակալված է: