Հնարավոր է՝ Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությանը պառակտում սպառնա, եթե կուսակցության գործող առաջնորդը հրաժարական չտա հունիսի 8-ին նախատեսվող վաղաժամ համընդհանուր ընտրություններում պահպանողականների մեծամասնություն ստանալուց հետո, հայտնում է Telegraph-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ մոտ 100 մարդ պատրաստվում է կուսակցությունից դուրս գալ, որպեսզի Համայնքների պալատում (խոհրդարանի ստորին պալատը) «Առաջադիմականներ» կոչվող նոր խմբակցություն ստեղծի այն դեպքում, եթե վաղաժամ ընտրությունների արդյունքներով Պահպանողական կուսակցությունը մեծամասնություն ստանա, բայց Ջերեմի Քորբինը մնա լեյբորիստների առաջնորդ:
Հավանականության մասին, որ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ Պահպանողական կուսակցությունն ընտրություններում մեծամասնություն կստանա, վկայում են հասարակական կարծիքի վերջին հարցումները: Այսպես՝ Kantar Public ընկերության հետազոտության արդյունքներով՝ պահպանողականները կարող են ակնկալել ընտրողների 44 տոկոսի աջակցությունը, մինչդեռ լեյբորիստները կարող են ձայների միայն 28 տոկոսի հույս ունենալ, «Լիբերալ դեմոկրատները»՝ 11 տոկոսի, իսկ, այսպես կոչված, եվրահոռետեսների UKIP կուսակցությունը՝ 8 տոկոսի:
Նշվում է, որ նոր խմբակցությունը լեյբորիստներին կմիանա, երբ Քորբինը վայր դնի կուսակցության առաջնորդի լիազորությունները: Պարբերականի տեղեկություններով՝ լեյբորիստների ղեկավարի հնարավոր թեկնածուներ կարող են լինել Դան Ջարվիսը, Իվետ Քուփերը եւ սըր Քիր Սթարմերը, սակայն այս հարցով պաշտոնական բանակցություններ դեռեւս չեն վարվել:
Խոհրդարանի վաղաժամ ընտրությունները կանցկացվեն հունիսի 8-ին:




























