«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Սմբատ Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների մասով քրգործն ուղարկվել է դատարան: Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է երկու անձի  սպանության մեջ։

«Սմբատ Բարսեղյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ  մեղադրանքի հետ կապված մենաբանություններ ես կարող եմ ներկայացնել  միայն Սմբատ Բարսեղյանի հետ քննարկելուց  հետո»,–ասել է Հայկ Ալումյանը։

Նշենք, որ ըստ ՀՔԾ տարածած հաղորդագրության՝ հարձակման ընթացքում զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Բացի այդ, 2016 թվականի հուլիսի 30-ին Սմբատ Բարսեղյանի կողմից սպանվել է նաև ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի ծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանը:

Սմբատ Բարսեղյանին առաջադրվել է մեղադրանք հետեւյալ հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով (պատանդ վերցնելով զուգորդված սպանությունը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) , եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետով (կյանքի համար վտանգավոր եղանակով խոշոր չափի զենք, ռազմամթերք հափշտակելը)։