«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի եւ Արմեն Լամբարյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը կարծում է, որ նախաքննական մարմին կողմից օբյեկտիվ նախաքննություն չի իրականացվել:  Այսօր՝ մայիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում Արայիկ Պապիկյանը նշեց, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներին ամենասկզբից կոլեկտիվ մեղադրանք է առաջադրվել, որն էլ վկայում է, որ  օրենքի կոպիտ խատում է եղել եւ կա:

«Ավելի շատ քաղաքական ենթատեքստ կա, իմ պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքների մասով հիմնավորում չկա, չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Կարող եմ ասել, որ նախաքննության ընթացքում էական նշանակության խախտումներ են եղել, օբյեկտիվ քննություն չի իրականացվել»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

Փաստաբանի խոսքով, նախաքննական մարմնի շատ գործողություններ անհասկանալի են:

«Մի շարք տարբեր գործեր միացնելը, հետո դրանք առանձնացնելը իրավաբանության հետ ոչ մի կապ չունեն: Հույս ունենք, որ գոնե դատարանում կստանանք մեր հարցերի պատասխանը, թե ինչու են դրանք միացվել»,-ասաց Արայիկ Պապիկյանը:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր պաշտպանյալներ Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի եւ Արմեն Լամբարյանի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից կյանքի համար վտանգ հանդիսացող գործողություններ են կատարվել, որոնց իրավաչափ լինելու վերաբերյալ պաշտպանը որեւէ տեղեկություն չունի: «Արդյոք իրավաչափ էր նրանց վրա կրակելն այն դեպքում, երբ իրենք ոչ մի գործողություն չեն կատարել, ըստ էության, սպանության փորձ է եղել, սակայն, իրավապահ մարմինների կողմից որեւէ գնահատական չի տրվել»:

Հիշեցնենք, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների մասով քրգործն ուղարկվել է դատարան:

Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(Կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը).

Արայիկ Խանդոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,

Արմեն Լամբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) , 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կյանքի համար վտանգավոր եղանակով խոշոր չափի զենք, ռազմամթերք հափշտակելը) եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):