Նոր Զելանդիայում սկսել են զանգվածաբար ոչնչացնել առնետներին ու օպոսումներին։ Տեղի պաշտոնյաների կարծիքով, դա թույլ կտա ավելացնել կղզում ապրող թռչունների, օրինակ կիվի թռչունի պոպուլյացիան, ու էկոհամակարգերն ավելի ներդաշնակ ու հավասարակշռված դարձնել, հայտնում է The Daily Mail-ը։

Առնետների դեմ պայքարելու համար տարբեր մեթոդներ են կիրառվելու։ Մասնագետները մտադիր են օգտագործել հատուկ թակարդներ ու խայծեր, որոնք կկարողանան ամսական մի քանի տասնյակ կրծողներ ոչնչացնել։ Այդ թունավոր նյութերն արտադրող Goodnature ընկերությունը ենթադրում է, որ դրանք դժվար հասանելի տարածքներում կցրվեն դրոնների օգնությամբ։

Կենսաբան Ջեյմս Ռասելի խոսքով առնետներին կարելի է վերացնել նաեւ գենային դրայվի միջոցով։ Դրա համար վայրի բնության մեջ բաց են թողնում վնասակար մուտացիաներով կենդանիներ։ Դրանք բազմանում են ու վնասակար գեները տարածում ամբողջ պոպուլյացիայում՝ նպաստելով դրա վերացմանը։

Անցանկալի կենդանիների քանակությունը մի քանի անգամ գերազանցում է Նոր Զելանդիայի հինգ միլիոնանոց բնակչության թվաքանակը։ 2009-ին միայն 30 միլիոն օպոսում էր գրանցվել։