Բրիտանիայի իշխանությունները հարյուր հազարավոր դոլարներ են ծախսել շտապ օգնության մեքենաների արդիականացման համար, որպեսզի կարողանան դրանք հարմարեցնել ճարպակալումով տառապող հիվանդների կարիքներին, հայտնում է BBC-ն։
Վերջին 10 տարիներին ճարպակալումով տառապող հիվանդների քանակը տասնապատկվել է՝ 2006-ի 52 հազար մարդուց 2016-ին հասնելով 520 հազար մարդու։
Շտապ օգնույթան նախկին աշխատակից Ռոբ Շոուն պատմել է, որ իրեն վիճակվել է աշխատել ավելի քան 190 կգ քաշով հիվանդների հետ։
Ավելորդ քաշով մարդկանց ամենամեծ քանակությունը երկրի հյուսիս արեւմուտքում է։ Տեղի շտապ օգնության ծառայության տրամադրության տակ կան ութ բարիատրիկ մեքենաներ։
Ֆելդշերային քոլեջից Ռիչարդ Վեբբերը հայտնել է, որ արդիականացման համար հատկացված ֆինանսավորումը ճիշտ ժամանակին էր։
«Ֆելդշերները ու շտապ օգնության բժիշկները 67 տարեկանում են թոշակի անցնում։ Տարիքի հետ նրանց համար դժվարանում է հիվանդներին բարձրացնելը, իսկ հիվանդների քաշն էլ շարունակում է աճել»,- պատմել է բժիշկը։
Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի տվյալներով, երկրում կանանց ավելի քան 60 եւ տղամարդկանց ավելի քան 70 տոկոսը տառապում է ավելորդ քաշի հետ կապված տարբեր խնդիրներից։ 3-15 տարեկան երեխաների մեկ երրորդը նման խնդիրներ ունի։




























