Ամբողջ աշխարհում համակարգչային համակարգերի վրա հաքերային հարձակումը Եվրոպոլը «աննախընթաց ծավալի» հարձակում է անվանել: Շաբաթ՝ մայիսի 13-ին, ԵՄ-ի ոստիկանական ծառայությունից հայտարարել են, թե պարզելու համար՝ ով է կանգնած այս հարձակման ետեւում, անհրաժեշտ է միջազգային համալիր քննություն անցկացնել, փոխանցում է DW-ն: 

Մինչդեռ Գերմանիայի քրեական գործերով Դաշնային գերատեսչությունը (BKA) շաբաթ արդեն քննություն է սկսել: Գերատեսչության տվյալներով՝ Գերմանիայի կառավարության էլեկտրոնային համակարգերին, որոնք մինչ այդ բազմիցս են հաքերային հարձակումների ենթարկվել, վիրուսը չի վնասել:

Վերջին տվյալներով՝ հաքերային հարձակման են ենթարկվել ամբողջ աշխարհում 100 երկրի 75 հազար համակարգիչներ: Այսպես՝ Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում, օրինակ, ստիպված են եղել շատ հիվանդների տուն ուղարկել: Շաբաթ օրը Անգլիայում եւ Շոտլանդիայում տասնյակ բուժհաստատությունների աշխատանքը դեռեւս կաթվածահարված էր: Մարդկանց խնդրել են դիմել միայն ամենաանհետաձգելի դեպքերում: Որոշ բուժհաստատություններ անվտանգության նկատառումներով իրենց համակարգիչներն անջատել են:

Հարձակման են ենթարկվել նաեւ գերմանական երկաթուղային Deutsche Bahn (DB) կոնցեռնի, իսպանական Telefonica հեռաահաղորդակցային համակարգի, ռուսական «Մեգաֆոնի», ՌԴ ՆԳՆ-ի, Քննչական կոմիտեի եւ Ռուսական երկաթուղիների համակարգչային համակարգերը: Հաքերային հարձակման հետեւանքով ֆրանսիական Renault ավտոարտադրողը ստիպված էր Ֆրանսիայի եւ Սլովենիայի իր մի քանի գործարաններում արտադրությունը դադարեցնել, հայտնել է AFP-ն:

WannaCrypt շորթիչ վիրուսը արգելափակում է համակարգիչը եւ 300 դոլար պահանջում այն վերացնելու համար: Անվտանգության մասնագետներից մեկը պատահաբար հայտնաբերել է, որ վիրուսը հղում է կատարում միեւնույն դոմենին: Փորձագետը որոշել է գրանցել դոմենը: Դրանից անմիջապես հետո նա տասնյակ հազարավոր հարցում է ստացել: Դոմենը գրանցելուց հետո հաջողվել է վիրուսի տարածումը կանգնեցնել: