Գերմանացի թոշակառու 81-ամյա Վինֆրեդ Լանգները՝ «Վիլի տրակտորիստ» կեղծանունով, մտադիր է տրակտորով Սանկտ Պետերբուրգ հասնել, ուղեւորությունը կտեւի չորս ամիս, հայտնում է Hannoversche Zeitung թերթը ։ Թոշակառուն ճանապարհ է ընկնելու 1961 թ թողարկված Deutz տրակտորով, որն ունակ է զարգացնել ընդամենը 18 կմ/ժ արագություն։ Մեկնարկը նշանակված է մայիսի 20-ին։
«Ես ուզում եմ օրական 120-130 կմ հեռավորություն անցնել»,- ասում է տրակտորիստ Վիլին։
Դեպի Ռուսաստան երթուղին մշակել է թոշակառուի որդին։ Այն անցնելու է Լեհաստանով, Կալինինգրադի շրջանով, մերձբալթյան երկրներով՝ Լիտվայով, Լատվիայով ու Էստոնիայով։ Վեց երեխաների հայր Վինֆրեդը մտադիր է կանգ առնել բոլոր այն տեղերում, որտեղ իրեն դուր կգա, իսկ քնելու է ավտոդրոմում։
Հետադարձի երթուղին դեռ մշակված չէ, բայց հնարավոր է, որ Վինֆրեդը լաստանավով Ֆինլանդիա կմեկնի, իսկ այնտեղից Սկանդինավիայով տուն վերադառնա։ Վինֆրեդը չի վախենում, որ տրակտորը հուսախաբ կանի ճանապարհին։ Բայց նույնիսկ անսարքության դեպքում նա կկարողանա լուծել խնդիրները։ Լանգները անցյալում մեխանիկ է աշխատել։ Նա նաեւ մտադիր չէ նավիգատոր վերցնել իր հետ։ «Ես ավելի շատ թղթե քարտեզներին եմ վստահում»,- նշել է Լանգները։





























