Սադրիչ հռետորաբանության վերջին բռնկումը խոչընդոտում է Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ երկխոսության առաջընթացին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Կոսովոյի ժամանակավոր վարչակազմի գործերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Զահիր Թանինը:

«Որոշ դեպքերում, դիվանագիտական միջամտության շնորհիվ, մեզ հաջողվել է կանխել լարվածության սրումը, սակայն Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ վստահության մակարդակն ավելի է նվազել մի շարք անպատասխանատու եւ սադրիչ հայտարարությունների պատճառով»,- ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ կողմերը միմյանց մշտապես մեղադրում են սադրանքների մեջ, մինչդեռ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու համար համագործակցություն է անհրաժեշտ:

«Կոսովոյում եւ տարածաշրջանում իրավիճակի բարելավման համար հարկավոր է, որպեսզի առաջնորդները դադարեն էթնիկ-ազգայնական տարաձայնություններ հրահրել»,- ասել է Զահիր Թանինը: