«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը, որը ստացիոնար բուժում էր ստանում ՀԿԽԸ «Գրացիա» վերականգնողական կենտրոն ՍՊԸ-ում, մայիսի 9-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանից:

«20-օրյա ստացիոնար բուժումից հետո պետք է մինչեւ դուրս գրվելը բժշկական կոնսիլիում կազմվեր, որպեսզի նրա հետագա բուժման ընթացքը որոշվեր, սակայն, ոչ էլ կազմվել է եւ Հովհաննես Հարությունյանին 20 օր անց տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ: Առանց որեւէ բուժման այլ փուլ ընտրելու նրան «Նուբարաշեն» են տեղափոխել»,-ասաց նա:

Հայարփի Սարգսյանը նշեց, որ Կարմիր Խաչում ստացիոնար բուժումից հետո, իր պաշտպանյալի առողջական վիճակում որեւէ փոփոխություն չկա.

«Նրան տեսակցել եմ, ստացել եմ էպիկրիզը, որը տրամադրվել է Կարմիր խաչի կողմից եւ այնտեղ հստակ որեւէ բան նշված չէ, միայն նշված է, որ ոտքի վիճակը նույնն է:  Համեմատելով նախորդ եւ ներկայիս էպիկրիզները, կարող եմ ասել, որ էական փոփոխություն չի եղել: Նույն առողջական խնդիրները մնացել են, նրան լուրջ բուժում է հարկավոր»,-ասաց պաշտպանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պահին ՄԻԵԴ-ում քննվում է Հովհաննես Հարությունյանի կալանքի հարցը եւ շուտով կլինի վերջնական եւ ամբողջական լուծումը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: