Մայիսի 9-ին ՀԿԽԸ «Գրացիա» վերականգնողական կենտրոնից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված, «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը գտնվում է հիվանդանոցային խցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Նա նշեց, որ հիվանդանոցային խցում իր պաշտպանյալը մենակ է, բայց խուցն անմարդկային պայմաններ ունի՝ խոնավ է ու լի խավարասերներով:
«Նա իբր հիվանդանոցային խցում է գտնվում, բայց այդ խուցը ոչնչով չի տարբերվում մյուս խցերից: Անմարդկային եւ նվաստացուցիչ պայմաններով խուց է, նա գիշերները խավարասերների պատճառով չի կարողանում քնել, խոնավ է, որը Հովհաննեսի առողջական վիճակին համարժեք չէ»,-ասաց նա:
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:





























